Հայաստանը գործնականում դադարեցրել է իր մասնակցությունը, այսպես կոչված, եվրասիական հարթակներին:
Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովին:
Ռուսաստանից ու նրա ստեղծած ինտեգրացիոն հարթակներից Փաշինյանը սկսեց սահմանազատվել 2022-ի գարնանից, իմ կարծիքով՝ ոչ թե ռեալ հաշվարկների, այլ ավելի շատ պատրանքների հիման վրա:
Մի կողմից, հայ-ռուսական հարաբերություններում անտագոնիզմի բաղադրիչն ավելացավ, մյուս կողմից՝ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանը չստացավ անվտանգության այլընտրանքային կայուն առաջարկություններ:
Այս ամենից ստացվեց Ռուսաստանի հետ բաց հակադրություն՝ առանց արտաքին աջակցության:
Հետևանքը հստակ է՝ Հայաստանն այլևս օտարված է ռուսական ինտեգրացիոն նախագծերից (ֆորմալ ներկայությունն այլևս ոչինչ չի տալիս), մյուս կողմից՝ նրան առանձնապես չեն սպասում արևմտյան հարթակներում, մանավանդ, որ իսրայելա-պաղեստինյան պատերազմը, լրացնելով ուկրաինականին, ամբողջապես կլանում է արևմտյան կենտրոնների ռեսուրսները՝ մեզ ու մեր խնդիրները թողնելով լուսանցքում:
Հայաստանի շուրջ ձևավորվում է անվտանգային վակուում, որի առաջացրած ռիսկերը, կարծում եմ, ակնհայտ են:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ